ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում անդրադարձավ Ուկրաինայի իրադարձություններին և դրանք համեմատեց Հայաստանում մարտի մեկին տեղի ունեցած իրադարձությունների հետ: Նա նշեց, որ մարտի մեկին Հայաստանում իշխանությունն ուժեղ էր, նրան աջակցում էին ուժային կառույցները, արտաքին աշխարհը, ինչի միջոցով էլ նրան հաջողվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ սպանդ իրականացնել: Լևոն Զուրաբյանը մանրամասն թվարկեց, թե ինչպես տարիների ընթացքում ռեժիմը կորցրել է վստահությունը հասարակության տարբեր շերտերում: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը կորցրել է աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հենարան և աջակացություն ստանալու ռեսուրսները: Լևոն Զուրաբյանը նշեց, որ Հայ ազգային կոնգրեսն այսօր համագործակցում է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ, ինչի շնորհիվ էլ իրենք ԱԺ-ում պայքարում են իշխող քաղաքական մեծամասնության դեմ:
Լևոն Զուրաբյանը քանիցս նշեց, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը թուլացել է, հայտարարեց, որ ժողովրդի աջակցությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերը հասնելու են նրա պաշտոնանկությանը: Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը վերաբերող բոլոր հայտարարություններն ուղեկցվում էին բազմության բուռն ծափահարություններով:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ նշեց, որ մարտի մեկի ոճրագործությունը չունի վաղեմության ժամկետ, և մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ և ենթարկվեն պատասխանատվության:
«Մարտի մեկի ոճրագործությունն անպատժելիության հետևանք է»,- ասաց ՀԺԿ նախագահը՝ հիշելով, որ եթե ժամանակին պատժվեին նախորդ ընտրություններում կեղծիքներ ու բռնություններ իրականացնողներն, ապա չէր լինի մարտի մեկը:
Ստեփան Դեմիրճյանը հիշեց, որ արտագաղթը կանխելու, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու փոխարեն իշխանությունը զբաղված է իր մերձավորների բիզնես շահերը սպասարկելով:
Անդրադառնալով հանրահավաքի բազմամարդությանը՝ Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե դա վկայում է, որ մենք ի զորու ենք փոխելու իրավիճակը:
Ստեփան Դեմիրճյանից հետո ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ